Jump to content

Հաբեաս կորպուս ակտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաբեաս կորպուս ակտ
ՏեսակAct of the Parliament of England?
Հրատարակված1679

Հաբեաս կորպուս ակտ (անգլ.՝ Habeas Corpus Act, անվանվում է նաև «Ակտ հպատակների լավագույն պաշտպանության և հեռու վայրերում բանտարկության արգելման մասին») (31 Cha. 2 c. 2)[1], անգլիական պառլամենտի ընդունած սահմանադրական ակտը (1679), որով դատարանին վերապահվում է օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունք։ Հաբեաս կորպուս ակտը դեռևս 12-րդ դարում ծագած Habeas Corpus-ի՝ ազատազրկման հիմքը պարզելու համար դատարան դիմելու կալանավորի իրավունքի, ամրապնդումն է։ ԱՄՆ-ում այդ օրենքը կիրառվել Է գաղութատիրության շրջանից սկսած և օրենսդրականորեն ամրապնդվել ԱՄՆ-ի 1787 թվականի և առանձին նահանգների սահմանադրություններով։ Այդ երաշխիքի գործողությունը կարող է կասեցնել միայն կոնգրեսը, եթե իրադրությունը պահանջում է՝ նաև նախագահը[2]։

Հաբեաս կորպուս ակտն անգլիական պառլամենտի կողմից 1679 թվականին ընդունված սահմանադրական ակտ է, որն ընդունվել է Չարլզ Երկրորդ թագավորի կառավարման տարիներին և հայտնի դարձել նաև որպես «Հաբեաս Կորպուս խորհրդարան»։ Այն ուղղված էր ամրապնդելու և սահմանելու անտիկ դարաշրջանում ծագած habeas corpus-ի սովորույթը, որը ազատազրկման հիմքը պարզելու համար դատարան դիմելու կալանավորի իրավունքն է։ Այս ակտով դատարանին տրվում էր օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունք։

Հաբեաս Կորպուս ակտը շատ հաճախ սխալ կերպով բնութագրում են որպես հաբեաս կորպուս հրամանի ծագում։ Բայց այս հրամանը Անգլիայում տարբեր ձևերով գոյություն է ունեցել ակտի ընդունումից առնվազն 5 դար առաջ։ Այն երաշխավորվում, բայց չէր ստեղծվում նաև 1215 թվականի «Ազատությունների մեծ խարտիայով», որը 39-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ մի ազատ մարդ չի կարող բանտարկվել, կալանավորվել կամ զրկվել տիրույթներից այլ կերպ, քան օրենքով նախատեսված կարգով։ «Ազատությունների մեծ խարտիան» առաջինն ամրագրեց ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքները։ 1679 թվականի Հաբեաս կորպուս ակտը հետևում էր 1640 թվականին ընդունված նույնանուն ակտին, որը սահմանում էր, որ թագավորի կամ Գաղտնի դատարանի (Privy Council) նախագահի հրամանը չի կարող հաբեաս կորպուսի խնդրագրին պատասխան հանդիսանալ։ Նույնանուն ակտեր ընդունվեցին նաև հետագայում` 1803, 1804, 1816 և 1862 թվականներին, բայց միայն 1679 թվականի ակտն է, որ հիշվեց որպես Անգլայի սահմանադրական պատմության կարևորագույն փաստաթղթերից մեկը։ Չնայած արված որոշակի բարեփոխումներին, ակտը մինչ օրս շարունակում է մնալ անգլիական ստատուտների գրքում։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաբեաս կորպուս ակտի առաջին հոդվածով սահմանվում է, որ շերիֆները, բանտապահներն ու այլ պաշտոնյաները քրեական հանցագործություն կատարած կամ այդպիսի արարք կատարելու մեջ կասկածվող անձանց նկատմամբ հաբեաս կորպուսի հրամանը տալիս մեծ ձգձգումներ են կատարում, որոնց հետևանքով թագավորի հպատակներից շատերը երկար ժամանակ պահվում են բանտերում, երբ շատ հաճախ ոչ մի հանցանք չեն կատարել։

Երկրորդ հոդվածով սահմանվում էր, որ վերոնշյալը կանխելու և քրեական ու ենթադրյալ քրեական հարցերով բանտարկված բոլոր բանտարկյալներին արագ օգնություն ցույց տալու համար ակտը պիտի հաստատվի արքայի, Լորդերի պալատի կամ Համայնքների պալատի կողմից։ Ցանկացած ձերբակալված անձ կամ նրան հարազատ անձինք կարող են դիմել Անգլիայի գերագույն դատարաններից մեկին` պահանջելով տալ Հաբեաս կորպուսի հրամանը։ Այդ հրամանը տրվելուց հետո շերիֆները, բանտապահները, նախարարները կամ անձանց կալանքի տակ պահող այլ անձինք անձամբ կամ իրենց ենթապաշտոնյաների, ծառայողների միջոցով 3 օրվա ընթացքում, վախենալով ձերբակալված անձի օգտին խոշոր տուգանք վճարելուց, պիտի կատարեն այդ հրամանը և անձին ներկայացնեն լորդ-կանցլերին, լորդ-պահապանին կամ այն դատարանի դատավորին, որտեղ պետք է քննվի տվյալ գործը կամ այն անձանց, ում կողմից պետք է կատարվի հրամանը։ Բացառություն էին կազմում այն դեպքերը, երբ տվյալ անձը, ով պիտի ներկայանար, դատարանի կամ համապատասխան անձի գտնվելու վայրից 20 մղոնից ավելի հեռու էր գտնվում, բայց ոչ ավելի հեռու, քան 100 մետրը։ Այս դեպքում հրամանը կատարվում էր 10 օրերի ընթացքում, իսկ եթե 100 մետրից ավելի հեռու էր, հրամանը կատարվում էր 20 օրվանից ոչ ուշ ժամանակահատվածում։

Ակտի չորրորդ հոդվածով սահմանվում և օրենքի ուժ է ստանում այն, որ եթե ինչ-որ անձ իր բանտարկությունից հետո 2 դատական շրջանների ընթացքում գիտակցաբար անտեսում է Հաբեաս Կորպուսը որպես սեփական ազատության միջնորդագիր ներկայացնելու հնարավորությունը, ապա այդ հնարավորությունն անձին չպետք է տրվի իրական դատական ակտի կենսագործման գործընթացի ընդմիջման ժամանակահատվածում։

Հինգերորդ հոդվածը սահմանում էր, որ եթե անձին ձերբակալած մարդիկ վերադաս ատյանների հրամանը նշված ժամանակահատվածում չեն կատարում կամ հրաժարվում են կատարել և ակտում մատնանշված ձերբակալված անձին նշված ժամկետներում չեն ներկայացնում դատարան կամ պահանջի կրկնօրինակը չեն ներկայացնում այն անձին, ում մոտ տվյալ պահին գտնվում է ձերբակալված անձը, ապա տվյալ դեպքում յուրաքանչյուր անձ, ում մոտ գտնվում է ձերբակալվածը, պարտավոր է վերջինիս օգտին մուծել տուգանք` 100 ֆունտի չափով, երկրորդ դեպքում` 200 ֆունտի չափով, ինչպես նաև անընդունակ է դառնում կատարելու մի շարք պարտականություններ։

Վեցերորդ հոդվածում խոսվում է կրկնակի ձերբակալման մասին։ Նշվում է, որ նշված սուբյեկտներից ոչ ոք չի կարող անձին ձերբակալել երկրորդ անգամ նույն պատճառով, եթե առաջին անգամ ձերբակալելիս այդ անձն արդարացվել է։ Իսկ եթե այդ անձինք են նույն անձին երկրորդ անգամ ձերբակալում միևնույն արարքը պատճառաբանելով, պարտավոր են այդ անձի օգտին տուգանք վճարել` 500 ֆունտի չափով։

Հաջորդ` յոթերորդ հոդվածով սահմանվում ու օրենքի ուժ էր ստանում, որ եթե անձը կամ անձինք գործում էին պետական դավաճանություն, ծանր քրեական հանցագործություն, որը ձերբակալման հրամանի մեջ պարզ և կոնկրետ արտահայտված էր և նրանց ձերբակալում էին իրենց խնդրանքով կամ գործի քննություն սկսելու մասին խնդրագրի հիման վրա, որը ներկայացվում էր դատական պրոցեսի առաջին շաբաթվա ընթացքում կամ oyer and terminer-ի` քրեական գործի քննության և որոշման ընդունման, առաջին օրվա ընթացքում, այդ անձը կամ անձինք կարող էին ազատվել բանտարկությունից, եթե դատարանը հաստատեր դա։

Ակտի ութերորդ հոդվածը ամրագրում էր, որ այն չի տարածվում այն անձանց վրա, ովքեր պահվում են բանտում պարտքի դիմաց կամ ցանկացած այլ քաղաքացիական գործով, և երբ նրանք իրենց քրեական պատիժը կրելուց ազատ արձակվեին, օրենքի համաձայն, կարող էին ձերբակալվել նաև քաղաքացիական գործով։

Հաբեաս կորպուսի իններորդ հոդվածը սահմանում էր, որ եթե անգլիական արքունիքի հպատակ անձինք բանտարկության մեջ գտնվեն ինչ-որ պաշտոնատար անձի կամ անձանց մոտ ինչ-որ քրեական կամ քրեական համարվող գործով, ապա նա կամ նրանք չպետք է տեղափոխվեին այդ բանտից` բացառությամբ այն դեպքերի, երբ դա տեղի էր ունենում Հաբեաս Կորպուսի կամ այլ հրամանի հիման վրա, կամ երբ բանտարկյալը փոխանցվում էր այլ նշանավոր, ավելի կրտսեր պաշտոնատար անձի, որը պիտի տաներ նրան հասարակական բանտ, կամ երբ ինչ-որ անձ գործում էր երդվյալների կամ խաղաղության դատարանի որոշման հիման վրա, երբ բանտարկյալը տեղափոխվում էր միևնույն անձին պատկանող մեկ այլ վայր, երբ հրդեհի կամ այլ արտակարգ իրավիճակի դեպքում անհրաժեշտ էր տեղափոխել բանտարկյալին։ Եվ երբ ինչ-որ անձ կամ անձինք վերին մարմինների կողմից տրվող այս հրամանից հետո կրկին գրում էին խնդրագիր, ապա ինչպես այդ խնդրագիրը գրող անձը, այնպես էլ պաշտոնատար անձը կամ անձինք տուգանվում էին ու պետք է մուծեին այնպիսի տուգանք, որը հավասար էր առաջին և երկրորդ անգամ ձերբակալված անձին արդարացնելու դեպքում մուծվող տուգանքներին, ընդ որում` տուգանքը նախորդ հոդվածներում հիշատակված ձևով էր գանձվում։

Տասներորդ հոդվածն ամրագրում էր, որ ձերբակալված անձը կամ անձինք իրենց Հաբեաս կորպուսի հրամանը կարող էին ստանալ ինչպես բարձրագույն դատարանից, լորդ-կանցլերից, այնպես էլ Արքունի «նստարանի» դատարաններից կամ ցանկացած այլ դատարանից։ Եթե նշված լորդ-կանցլերը, լորդ-գանձապահը կամ դատավորները, բարոնները կամ վերոնշյալ դատարանները, ձերբակալման մասին հրամանը կամ երդումը հրաժարվում էին հրապարակել, հրաժարվում էին թեկուզև ընդմիջման ժամանակահատվածում Հաբեաս Կորպուս ակտի հրապարակումից, ապա պարտավոր էին ձերբակալված անձի օգտին տուգանք մուծել` 500 ֆունտի չափով։

Ակտի 11-րդ հոդվածում նշվում է, որ ակտն իր հիմնական գաղափարին ու նշանակությանը համապատասխան կարող է ուղարկվել ու ուժ ունենալ նաև կոմսություններում, Լա Մանշի նեղուցի 5 անգլիական նավահանգիստներում և անգլիական թագավորության այլ «հատուկ» վայրերում, Ուելսում և Բերվիքի Թվիդ քաղաքում, ինչպես նաև Գերնսիայի Ջերսի կղզում։ Այս հոդվածը ցույց էր տալիս Հաբեաս Կորպուս ակտի կարևոր դերը Անգլիայում ստեղծված միասնական իրավական համակարգի ամրապնդման գործում, քանի որ ակտը պարտադիր էր դարձնում ոչ միայն բուն Անգլիայի տարածքում, այլև Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող ու նրան ենթարկվող շատ այլ տարածքներում, ինչը նպաստում էր նաև կենտրոնական իշխանությունից ու նրա ակտերից այս տարածքների կախվածության մեծացմանը։

12-րդ հոդվածը նշում էր. և այսուհետև, արտասահմանյան բանտերում անօրինաբար փակվելը (պահվելը) կանխելու համար, վերոնշյալ իշխանությամբ օրինականացվում էր, որ անգլիական թագավորության որևէ ենթակա, որը տվյալ պահին հանդիսանում էր կամ այդուհետ կհանդիսանար այս անգլիական թագավորության, Ուելսի տիրույթի կամ Թվիդի Բերվիք քաղաքի մշտական բնակիչը կամ նորաբնակը, չի կարող արտաքսվել կալանքի Շոտլանդիա, Իռլանդիա, Ջերսի, Հերնսի, Թանժեր (Թանժերը (Աֆրիկայում) Անգլիայի վերահսկողության տակ էր 1662-1668 թթ.) կամ շրջաններ, կայազորեր, կղզիներ կամ ամրություններ արտասահմանում (ծովից այն կողմ), որոնք գտնվում են կամ երբևէ կգտնվեն արքայի, նրա ժառանգների կամ փոխանորդների տիրույթների ներսում կամ դրանցից դուրս, և որ ցանկացած նման կալանք դատապարտվում էր և հայտարարվում անօրինական։ Հայցվորին ցանկացած նման գործում բացի վնասների հատուցումից պետք է տրվեն եռակի վերապահումներ, ընդ որում վնասների փոխհատուցումը, որ պետք է վճարվի, չպետք է լինի 50 ֆունտից քիչ։ Նման գործընթացում թույլ չեն տրվի ոչ հետաձգումներ, ոչ դատական գործի ընդմիջումներ կամ դրա դադարեցում որոշման կամ հրամանի համաձայն, ոչ բարձր ատյանի հրամանը՝ գործը չքննելու վերաբերյալ, ոչ էլ հովանավորություն կամ որևէ արտոնություն, և չի տրվի մեկ հետաձգումից ավելի՝ ընկերական համաձայնության համար։

13-րդ հոդվածով սահմանվում էր, որ գոյություն ունեցող ակտում ոչինչ չի կարող մեկնաբանվել ի շահ որևէ անձի, ով ինչ-որ առևտրականի կամ պլանտացիայի սեփականատիրոջ կամ այլ անձի հետ պայմանագիր կկնքի` ծովի վրայով այլ երկրիր տեղափոխվելու համար և այդ համաձայնության արդյունքում կստանա որոշակի օգուտներ, նույնիսկ եթե այդ անձը հրաժարվի այդպիսի պայմանագրից։

14-րդ հոդվածով սահմանվում և հաստատվում էր նաև, որ եթե ինչ-որ մեկը դատապարտվել էր ծանր քրեական արարքի համար և դատական բաց նիստի ժամանակ խնդրում է աքսորել հեռու, բայց դատարանը անհրաժեշտ է համարում նրան բանտում թողնելը, ապա այդ անձը կարող է աքսորվել հեռու երկիր, նույնիսկ եթե ակտում դրան հակառակ միտք էր պարունակվում։

Օրենքի 15-րդ հոդվածով հաստատվում էր, որ այստեղ պարունակվող ոչինչ չի ընկալվելու, մեկնաբանվելու կամ կիրառվելու ինչ-որ անձի ձերբակալելիս մինչև 1679թ հունիսի 1-ը։

Օրենքի 16-րդ հոդվածում նշվում էր, որ եթե անգլիական թագավորությունում ապրող որևէ անձ կամ անձինք քրեական հանցագործություն էին կատարում Շոտլանդիայում, Իռլանդիայում կամ կղզիներից ու Անգլիայի արտասահմանյան գաղութներից մեկում կամ արքայի, նրա ժառանգների օտարերկրյա պլանտացիաներում, որտեղ նա կամ նրանք այդպիսի արարքի համար կդատվեին, ապա այդ անձը կամ անձինք կարող են տարվել այդ վայրը, որպեսզի դատվեն տեղի դատարանի կողմից, նույնիսկ եթե ակտում դրան հակասող միտք էր պարունակվում։

Հաբեաս կորպուս ակտի 17-րդ հոդվածով հռչակվում էր, որ ոչ մի անձի կամ անձանց չի կարելի հետապնդել, մեղադրել կամ անհանգստացնել իրական ակտի դեմ արարքների համար, եթե մեղավորի հետապնդումը կամ քրեական գործի քննությունը չնախաձեռնեն արարքի կատարումից ամենաշատը 2 տարի հետո` բացառությամբ այն դեպքերի, երբ անձն այդ ժամանակ գտնվում էր բանտում։ Եթե բանտում էր գտնվում, ապա այս գործողությունները կարող էին կատարվել նրա մահվանից հետո 2 տարվա ընթացքում կամ բանտից ազատվելուց հետո 2 տարվա ընթացքում։

18-րդ հոդված. որպեսզի ոչ ոք չկարողանար խուսափել իր գործի քննությունից, երդվյալների դատարանում կամ հասարակական բանտից ազատման ժամանակ, եթե անձը կարողանում էր մինչև դատը հասնել իր տեղափոխմանը, քանի որ չէին կարող նրան հետ տանել իր դատավարությունն այնտեղ անցկացնելու, նշվում էր, որ երբ երդվյալները սահմանում են այն համայնքը, որտեղ անձը պիտի իր պատիժը կրեր, անձը պիտի հասարակական բանտից ինչ-որ Հաբեաս կորպուս հրամանով տեղափոխվեր իրական ակտում նշված վայրը։ Բայց այդպիսի ակտը պետք է ընդունվեր երդվյալների դատարանում, հրապարակային դատավարության ժամանակ, և դատավորներն այս ընթացքում պարտավոր էին անել այն, ինչը ամրագրված էր օրենքով։

Տասնիններորդ հոդվածով սահմանվում էր, որ երբ երդվյալների դատավարությունն ավարտվում էր, մեղադրված անձը կամ անձինք կարող էին ստանալ իրենց Հաբեաս կորպուսը` համաձայն իրական ակտի մտքերի և հրահանգների։

Քսաներորդ հոդվածով հաստատվում էր նաև վերը հաշվարկված իշխանությամբ, որ եթե ինչ-որ բողոք, առարկություն կամ դիմում ստացվեր որևէ անձի կամ անձանց դեմ` նշված փաստաթղթով հաստատված կարգի խախտման կամ խախտման վտանգի կապակցությամբ, ապա մեղադրվածին/մեղադրվածներին հնարավորություն պիտի տրվեր պաշտպանվելու` հենվելով այն բանի վրա, որ ինքը/իրենք անմեղ են և կամ ոչինչ պարտավոր չեն անել` ներկայացնելով երդվյալներին դիրքորոշման հիմքերն ու պատճառները։ Երդվյալ ատենակալները պիտի քննարկեին այն հիմքերը, որոնք ներկայացրել էր/էին մեղադրյալը կամ մեղադրյալները, և եթե այդ հիմքերը համարվեին սպառիչ և բավարար նրան/նրանց արդարացնելու համար այդ դիմումի կամ առարկության առնչությամբ, ապա այդ եզրակացությունը բոլոր առումներով կունենար այն ուժը,որը կունենար գործը դատական կարգով քննելու, արդարացման վճիռ կայացնելու և գործը կարճելու դեպքում։

Վերջին` 21-րդ հոդվածը սահմանում էր, որ շատ հաճախ մարդիկ մեղադրվում էին չնչին դավաճանության կամ քրեական հանցագործության (petty treason և felony) մեջ` զուտ կասկածանքից ելնելով, որոնք ավելի հայտնի էին որպես խաղաղության խախտումներ` արված այդ անձանց կողմից։ Եվ որպեսզի նմանատիպ թեթև հանցագործությունների համար անձանց չենթարկեին ծանր պատժի, սահմանվում էր, որ այդ անձը կամ անձինք պարտավոր չէին գրավ մուծել իրական ակտով սահմանված չափով կամ առհասարակ ինչ-որ չափով, որով այն կարող էր դեր ունենալ մինչ իրական ակտի հրապարակումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 'Charles II, 1679: An Act for the better secureing the Liberty of the Subject and for Prevention of Imprisonments beyond the Seas.', Statutes of the Realm: volume 5: 1628-80 (1819), pp. 935-38. URL: http://www.british-history.ac.uk/report.asp?compid=47484 Արխիվացված 2007-09-27 Wayback Machine. Date accessed: 6 March 2007.
  2. «A brief history of habeas corpus». BBC News Online. 2005 թ․ մարտի 9. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հաբեաս կորպուս ակտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 39